Էջ:Վերք Հայաստանի 17.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շորը հանեմ, ուրըշի լաշը ծածկեմ, որ հորնըմորս սիրտն էլ ուրախանա, ասեն, թե «Աստված իրանց բարի զավակ ա պարգևել, որ իրանց խրատը գետինը չի՛ քցում, իրանց բարի ճամփին ա հետևում, իրանց ասածն անում»:

Հանդը դուս գալիս՝ մեր բիրտ Աղասին էսպես էր մտածում, ու սիրտն էրվում, ժամիցը գալիս՝ փառք էր տալիս աստուծո, որ շուտ արձակվեցավ, ինքը տուն էկավ, որ մի քիչ դինջանա ու գնա հանդը, որ էլի սիրտը բացվի, էլի էն հիանալի ձենը լսի ու իր բանն անի: Շատ անգամ բարկացած՝ զալիս էր, տան պուճախումը կամ քուրսու տակին ոտները փռում, տրտնջում, թոնթորում, գանգատ անում, որ ժամումը, խոստովանվելիս, էնպես բաներից էին խաբար առել, նրա սիրտը վիրավորել, որ նրա մտքովը ամենևին երազումն էլ չէին անց կացել:

— Ա՛խպեր, արածիս հլա մեկ ճար արա՛, հետո ուրիշ բաներից հարցրու, է՜,— ասում էր շատ անգամ նեղանալով:— Հենց քանի ասում ես, էլի երկու սհաթ չոքացնում, գլուխդ տանում են, թե՝ ասա՛, ասա՛: Ախր որ չեմ արել, ի՞նչ ասեմ, ի՞նչ: Էնպես բան արա՛, որ սիրտս մի քիչ հովանա յա տաքանա, շատ խոսալուց ի՞նչ կշահվիս: Ասենք, թե խաթր եմ անում, լիս չե՛մ ընկնում, հենց պետք է ամեն բան բերանդ գալիս խոսի՞ս: Սիրտս սրսռում ա էդ հարցրած բաներիցդ, քար ըլի, էդ խոսքերը չի՛ տանիլ: Ախր ի՞նչպես են աստուծո սուրբ տաճարումը էնպես բաներից խաբար առնում, որ չոլումը չի՛ պետք է խոսացած, բալքի թե քամին իմանա, տանի, ուրըշի անկաջ քցի. տանը չի՛ պետք է ասած, որ չըլիմ չիմանամ, պատերը զարզանդին: Ես իմ կարճ խելքովս էնպես եմ իմանում, որ մարդ խոստովանվելիս ինքը պետք է իր մեղքի վատությունը, իր արած չարությունը միտք անի, փոշմանի, զղջա, աստծուն խնդրի, որ իրան թողություն տա, որ էլ չանի. կարողություն տա, որ իր ճամփիցը չհեռանա, բարի ըլի, թե չէ՝ զոռ անելով, մարդի վրա բեռը դնելով, անկաջը էսպես բաներով լցնելով, սրտիցը ո՛չինչ խաբար չառնելով ի՞նչ կընկնի մարդի ձեռքը. ոչինչ: Հինգ օր էլ գլուխդ քարեքար տուր, տարով ծում պահի, որ սիրտդ թամուզ չի՛, ի՞նչ օգուտ: Թե ինձ վատություն ես արել, պետք է սրտով իմանաս, ինքդ փոշմանես, թե չէ ուրըշի ասելով դու հո քո ուզածը ու քո խորհուրդը չե՛ս թողալ: Տերտերի առաջին չոքելիս, մեղա տալիս էնպես պետք է վեր կենաս, որ խղճմտանքդ դինջ ըլի, նրա ասածը գլխումդ մտնի, թե չէ՝ սիրտդ լիքը գնացիր, լիքը վեր կացար, ի՞նչ օգուտ: Խաթաբալա ա, է՛լի. մեկ որ յախեդ ձեռ ա ընկնում, էլ չեն ուզում, թե պոկեն:

Հաղորդության օրը որ գալիս ա. աստված գիտենա, ջանս դող ա ընկում: